Սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը նոր դեր ստանձնեց՝ սիրիական հարցի լուծումը: Իր պատկերացումներով և իրեն հետագայում Մերձավոր Արևելքում հուսալի պլացդարմ ապահովելու նպատակով: Ի սկզբանե հայտարարվեց, որ Ռուսաստանը պայքարում է ԻՊ-ի դեմ, հընթացս պարզվեց, որ պայքարն իսլամական ահաբեկչության դեմ է, ահաբեկիչները ահաբեկիչներ են, ոչ մի տարբերություն, եթե զենքը ձեռքներին կրակում են: Ինչո՞ւ ոչ: Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ընդդիմադիրներին ռմբահարելու և կառավարական զորքերի առաջ ճանապարհ բացելու մարտավարությունն իրեն արդարացնում է՝ արդեն բացված է Հալեպի ճանապարհը: Իրանի ու լիբանանյան «Հըզբոլլահի» հետ ռազմական դաշնակցությամբ Ռուսաստանը տեղից շարժեց և ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիային՝ Պենտագոնը իր հիսուն հատուկջոկատայիններին է Սիրիա գործուղում, Ֆրանսիան՝ «Շառլ դե Գոլ» ռազմանավի գլխավորած նավատորմը, Իտալիան Սենատում քննարկում է Սիրիայի կոնֆլիկտին ռազմական միջամտության նպատակահարմարության հարցը: ՈՒժերի հավասարակշռությունը Սիրիայում փոխվել է: Սիրիայի անմիջական հարևան Թուրքիան, որ մինչ այդ վարում էր երկակի քաղաքականություն՝ սահմանները բաց պահելով ԻՊ-ականների առաջ ու Ինջիրլիքի ռազմաբազան ՆԱՏՕ-ի տրամադրության տակ դնելով միաժամանակ՝ հարկադրված է որոշակիութուն մտցնել իր սիրիական քաղաքականության մեջ: Փաստացի Սիրիայում երեք հիմնական ուժեր են գործում: ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան, որին միացել է Թուրքիան: Երկրորդ կոալիցիան՝ Ռուսաստան, Իրան, «Հըզբոլլահ», Իրաք: Երրորդը ԻՊ-ն է: ԵՄ-ում քիչ չեն երկրները, որ Ռուսաստանի հետ սիրիական հարցում երկխոսություն սկսելն ու քայլերը միատեղելն անհրաժեշտ են համարում: Թուրքիան նրանց հետ չէ՝ մի կողմից ժամանակ առ ժամանակ ռմբակոծում է ԻՊ-ի դիրքերը, իրականում քրդերի, մյուս կողմից՝ աջակցում է Ասադի դեմ կռվող ընդդիմությանը, բացի այդ՝ դեմ է «Ժողովրդավարական միությանը» և «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներին», որոնց իր գլխավոր գործընկերն է համարում ԱՄՆ-ը, իսկ Թուրքիան նրանց ռմբակոծում է: Բոլոր դեպքերում իրավիճակը Սիրիայում Թուրքիայի համար մնում է վտանգավոր: Իհարկե, Անկարան մեծ հաճույքով կմասնակցեր երկրի մասնատմանը և ինչ-որ իմաստով Օսմանյան կայսրության նախկին տարածքի վերականգնմանը, բայց այդ հարցը ոչ մի երկրի օրակարգում չկա, բացի Էրդողանի անձնական օրակարգից: ԻՊ-ը Թուրքիայի համար սպառնալիք է մնում և արդեն ակնհայտ է, որ ԻՊ-ն ունի արտաքին աշխարհի համար թերևս անհասկանալի ամուր սոցիալական ու ռազմական կառուցվածք ու ռազմավարություն և նրա դեմ հնարավոր չէ մի ամսում հաղթանակ տանել՝ մեկ տեղում ու միանգամից: ԻՊ-ը նման է ութոտնուկի, որ տեղից տեղ է տարածում իր շոշափուկները: Մինչև Ռուսաստանի միջամտությունը սիրիական հարցը Թուրքիայի համար շատ ավելի սակավ թվով անհայտներով հավասարում էր, Անկարան արդեն չի կարող խուսափել Սիրիայի կոնֆլիկտի ազդեցությունից թուրք-ռուսական հարաբերությունների վրա: Հարցը չի վերաբերում միայն երկկողմ հարաբերություններին, կամ առևտրատնտեսական, էներգետիկ շահերին: Հարցը վերաբերում է Եվրասիայի տարածաշրջանային հավասարակշռությանը, որտեղ Թուրքիան ու Ռուսաստանը մրցակից պետություններ են: Միայն ահաբեկչության դեմ պայքարը քիչ է երկու պետությունների նպատակների համադրելիության համար: Արդեն ասպարեզում լիաձայն հնչում է Իրանի ձայնը, ինչը ևս մարտահրավեր է Անկարայի համար՝ քաղաքական ու տնտեսական: Խորհրդարանական ընտրությունների էյֆորիայից դուրս գալուց հետո Էրդողանը երկրում կայունությունը վերահաստատելու համար շատ կարևոր հարցեր ունի լուծելու: Եթե ներսում քրդերի հարցն է, դրսում անմիջական հարցը հարևան Սիրիան է: Անկարան պետք է արագ կողմնորոշվի, թե ինչ Սիրիա է պատկերացնում և վերադիրքավորվի կոալիցիաների միջև: Փախստականների հարցը հնարավոր չէ անվերջ դագանակ պահել Եվրոպայի գլխին: Ի վերջո, նրանք անշարժ գույք չեն և կարող են լուրջ պրոբլեմ դառնալ հենց Թուրքիայում: Էրդողանին կողմնորոշվել է պետք՝ ելնելով այն տեղից, որ Թուրքիան կարող է ունենալ տարածաշրջանում՝ չներքաշվելով ռազմական կոնֆլիկտների մեջ և չվտանգելով իր շահերը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Դաշնային պետության ստեղծումը Սիրիայի տարածքում, որ այսօր դեռ անհնար է թվում, կարող է դառնալ այն հիմնաքարը, որի վրա կսայթաքեն ռուս-թուրքական հարաբերությունները, կամ՝ կմիավորվեն շահերը: